
ԱՄՆ-ն կասեցրել է Ուկրաինային մի քանի զինատեսակների մատակարարումը

ԱՄՆ-ն դադարեցրել է Կիևին զենքի որոշ տեսակների մատակարարումներ, հայտնել է Սպիտակ տունը։
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունը վերանայել է այլ երկրներին ռազմական աջակցության տրամադրումը։
Ըստ Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելիի՝ որոշումը կայացվել է «Ամերիկայի շահերը առաջին տեղում դնելու համար»:
ԱՄՆ-ն տասնյակ միլիարդավոր դոլարի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին սկսեց իր ռազմական գործողությունները։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել Կիևին զենքի մատակարարման առնչությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ում զենքի պաշարները չափազանց քիչ են։
NBC News-ը նշում է, որ դադարեցվել են Patriot համակարգերի համար կալանող հրթիռների մատակարարումները։ Զենքի մատակարարումները կասեցնելու որոշումից շաբաթներ առաջ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրահանգել էր գնահատել ԱՄՆ-ում զինամթերքի պաշարները, որոնք սպառվել էին Ուկրաինային զենք մատակարարելու և Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով, հայտնել են NBC-ի աղբյուրները։
Ըստ աղբուրների՝ մատակարարումները կասեցվել են, քանի դեռ կատարվում է գնահատում, բայց եթե պարզվի, որ մատակարարումները սահմանափակ են, կամ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են աշխարհի այլ վայրերում, ապա դրանց մատակարարումը կարող է հետաձգվել ավելի երկար ժամկետով։
NBC News-ի տվյալներով՝ կասեցված ապրանքների թվում են տասնյակ հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հազարավոր հրետանային արկեր, ավելի քան 100 Hellfire հրթիռներ, GMLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 250 արկեր, տասնյակ Stinger երկիր-օդ դասի հրթիռներ և AIM օդ-օդ հրթիռներ, ինչպես նաև նռնականետներ։