
Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն կազմակերպական իր ողջ կառույցով, դատապարտում է Հայաստանի Հանրապետության գործող վարչախմբի շղթայազերծած հալածանքի արշավը ՀՅԴ Հայաստանի կառույցի և ընդդիմադիրների դեմ։
Այս վարքագծով Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված վարչախումբը կամայականորեն ու նենգորեն ևս մեկ անգամ ոտնահարում ու հարված է հասցնում ժողովրդավարության տարրական սկզբունքներին ու հստակորեն բացահայտում է բռնատիրության ճանապարհով իշխանությունը երկարաձգելու իր դիտավորությունը։
ՀՅԴ Կանադայի կառույցը վերահաստատում է իր ամբողջական ներուժը ի գործ դնելու՝ Հայաստանի և Արցախի հանդեպ իր հանձնառությունը։
Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը:
Միաժամանակ, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցին և պահանջում ենք, որ անհիմն մեղադրանքներով դրսևորված քաղաքական հալածանքի այս նոր ալիքը անհապաղ վերջանա»։