Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները
                                    Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
«Համաձայն սահմանված կանոնների՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը, պետք է անցնեն գրանցման ընթացակարգը Միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ)»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Սույն ընթացակարգը պարտադիր է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների.
- Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ
 - Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներ
 - 6 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
 
Նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Գոսուսլուգի» կայքում:
«ruID» բջջային հավելվածը հասանելի է հավելվածի պաշտոնական հարթակներում:
Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը վիզային ռեժիմով, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային վիզայով, մնում է անփոփոխ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    