Եթե Իսրայելը շարունակի ագրեսիան, պատասխանն ավելի ցավոտ կլինի. Փեզեշքիան

Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի իր ագրեսիան, նա պետք է ակնկալի Իրանի կողմից ավելի ցավոտ պատասխան գործողությունների, հաղորդում է Mehr-ը։

«Մենք պատերազմ չենք սանձազերծել, բայց վճռականորեն ենք արձագանքել դրան։ Եթե նման ագրեսիվ գործողությունները կրկնվեն, ագրեսորներին ավելի ցավոտ և կործանարար պատասխան գործողություններ են սպասվում»,- ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հավելել է, որ «յուրաքանչյուր երկիր, որն իսկապես խաղաղություն, անվտանգություն և կայունություն է ցանկանում, պետք է դիմակայի սիոնիստական ռեժիմի ագրեսիային»։

«Մենք ընդգծում ենք, որ Իրաքի կառավարությունը պետք է ավելի մեծ զգոնություն ցուցաբերի և ապահովի իր սահմանների և օդային տարածքի պաշտպանությունը՝ կանխելու համար Իրաքի տարածքի օգտագործումն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- նշել է նա։

Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծել է «սիոնիստական ռեժիմի ագրեսիայի» դեմ իսլամական երկրների ընդհանուր պատասխանատվությունը։

Տեսանյութեր

Լրահոս