
Մերցը հայտարարել է, որ փախստականներին շարունակելու են մերժել Գերմանիա մուտք գործելու հարցում

Գերմանիան կշարունակի մերժել ապաստան խնդրողներին՝ չնայած Բեռլինի վարչական դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել։ Այդ մասին Գերմանիայի քաղաքների և համայնքների ասոցիացիայի համագումարում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ավելի վաղ Բեռլինի վարչական դատարանը որոշել էր, որ 2025 թվականի մայիսի 9-ին Լեհաստանից գնացքով ժամանած և նույն օրը արտաքսված Սոմալիի երեք քաղաքացիների մուտքի մերժումը ապօրինի է։ Դատարանի կարծիքով՝ նման ընթացակարգը չի կարող իրականացվել առանց Դուբլինի կանոնակարգը շրջանցելու։
«Մենք ստիպված կլինենք պահպանել ներքին սահմանների վերահսկողությունը մինչև արտաքին սահմանների իրավիճակը զգալիորեն բարելավվի նոր եվրոպական կանոնների օգնությամբ», – ասել է Մերցը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը: Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ դա կարող է նեղացնել կառավարության գործողությունների շրջանակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի ոստիկանությունը ավելի խիստ ներգաղթային ընթացակարգերի իրականացման շրջանակներում թույլ չի տվել փախստականներին մուտք գործել երկիր, բացառությամբ նրանց, ովքեր պաշտպանության տակ են գտնվում խոցելի անձանց հատուկ կարգավիճակով՝ հղի կանայք, հիվանդներ և անչափահասներ: Անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար բերվել են անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ջերմային պատկերման տեսախցիկներ: