ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից ի վեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից ի վեր

Ճակատագրական պահին մեր հերոսներն ընտրեցին արժանապատվությունը։

Այսօր ևս մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ՝
🔹 հնազանդվել, թե՞ պայքարել,
🔹 արժանի լինել մեր հերոս նախնիների հիշատակին, թե՞ խուսափել պատասխանատվությունից,
🔹 ընդվզել կապիտուլյանտների դեմ, թե՞ հավատալ նրանց խաղաղության դատարկ խոստումներին,
🔹 ապավինել սեփական ուժերին, թե՞ հույսը դնել այլոց վրա:

2024 թ. ուղերձից

🔸 Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է։
🔸 Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին։
🔸 Մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի։
🔸 Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն։
🔸 Վստահ եմ՝ Սարդարապատի խորհրդանշական զանգերը դարձյալ ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի։

2023 թ. ուղերձից

🔸 Սարդարապատի հերոսներն ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի։
🔸 Հավերժ փա՛ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից։
🔸 Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով։
🔸 Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր։
🔸 Այսօր էլ վճռական ընտրության պահն է. որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը։

2022 թ. ուղերձից

🔸 Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ հավատարիմ են ազգային արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը։
🔸 1918 թվականի մայիսյան այս օրը հայ ժողովրդի նվիրյալ զավակները ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով ու անձնազոհ խիզախությամբ նվաճեցին սեփական Հայրենիքում անկախ և ազատ ապրելու իրավունքը։
🔸 Փա՛ռք մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը, քան օտարին հպատակվելը։
🔸 Այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, հոգևոր, մշակութային կոթողները, իր զավակների ապագան, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ ու վտանգավոր հավաստիացումներին։
🔸 Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը, և ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարի ազգանվեր առաքելության ճանապարհին։

2021 թ. ուղերձից

🔸 Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն։
🔸 Գտնվեցին պատիվ և քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին և չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին։
🔸 Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին։
🔸 Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու և ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի։
🔸 Կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ և մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին։

2020 թ. ուղերձից

🔸 Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին։
🔸 Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին։
🔸 Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել։
🔸 Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարվեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա։
🔸 Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը։

2019թ. ուղերձից

📍 Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները։

Ուխտագնացության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեծ հայորդու հիշատակին՝ աղոթել՝

ինչպես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ՝ բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը և մեր ժողովրդին անձնվիրաբար փրկած հերոս հայորդիների հոգիների հանգստության, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության և Արցախի պաշտպանության համար զոհված հայրենանվեր հերոսների համար։

Ուխտագնացության հիմքում դրվել է՝

🔹 Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում ազգային, պետական շահերի շուրջ համախմբվածության, միասնականության, բոլոր տարաձայնություններն այդ շահերին ստորադասելու և մայիսյան ու արցախյան հերոսամարտերի ձեռքբերումները սրբորեն պահպանելու, ամենօրյա համատեղ ջանքերով ամրապնդելու գաղափարը։

Տեսանյութեր

Լրահոս