
Երբ իշխանությունը փորձում է Հայրենիքի նկատմամբ ծառայությունը վերածել աշխատանքի, ավելի կարճ ճանապարհ, քան բանակի ֆունդամենտի փլուզումն է, չի կարող լինել. Աբրահամյան
«Երբ իշխանությունը փորձում է Հայրենիքի նկատմամբ ծառայությունը, առաքելությունը վերածել աշխատանքի, ավելի կարճ ճանապարհ, քան բանակի ֆունդամենտի փլուզումն է, այս իրավիճակում չի կարող լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի՝ «փողով բանակից ազատվելու» նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս նկատեց՝ սև ու սպիտակի բաժանարար գծերը մեր հասարակության մեջ մտցրած իշխանությունը հիմա էլ փորձում է նույն հասարակությանը բաժանել ունևորի և չունևորի:
«Ստացվում է՝ ով ունի ֆինանսական հնարավորություն, կարող ա ազատվել ծառայությունից, իսկ ով ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական հնարավորություններ, պարզ է, որ ծառայելու է: Առհասարակ երկրի պաշտպանունակության ներգրավվածության հիմքում ֆինանսները չորրորդական դեր են խաղում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանը խոսեց նաև իշխանության նախաձեռնած պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման մասին՝ նշելով, որ ՔՊ-ն դրա մասին խոսում էր նաև 2021թ. խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Հիմա էլ են գնում նույն ճանապարհով: Ամեն ինչ հաշվարկված է: Հիմնավորումները, որ իշխանությունը ներկայացնում է, որևէ աղերս չունեն ռեալ իրողությունների հետ: Համալրման խնդիրը կարելի է մեկ-երկու գործողությամբ բարելավել, բայց իշխանությունը կոռուպցիոն ռիսկերը, օրենքի մեջ եղած սողանցքները վերացնելու համար, չկարողանալով իրավիճակը փրկել, գնում է շատ ավելի վատ ճանապարհով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այդ օրենքի ընդունումը բերելու է նաև Զինված ուժերի կրճատման:
«Մեկ ամսվա ծառայության ընթացքում ո՛չ զինվորական մասնագիտություն ես ունենալու, ո՛չ դերակատարում: Մեկ ամիս ծառայած մարդը չի կարող մարտական հերթապահություն իրականացնել, էլ չեմ խոսում հնարավոր ռազմական գործողությունների մասին»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց՝ նախագծի հեղինակը որպես հաջողված օրինակ՝ բերել է Թուրքիայի օրինակը՝ այդ պետության 80 միլիոն բնակչությունը համեմատելով մեր երկրի 2.5 միլիոնանոց բնակչության հետ:
«Ասում են՝ էդ գումարների հաշվին կարող ենք վճարել պայմանագրայինների աշխատավարձը: Իսկ ո՞վ է ասում, որ մեր երկրում մենք ունենք այնպիսի մեծ ռեսուրս, որ կարելի է պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել, որ մի հատ էլ մարդիկ ուզենան ավելի բարձր գնով գնան պայմանագրային զինծառայության: Այն բարոյահոգեբանական վիճակը, որն այսօր ստեղծված է մեր հասարակության և մեր Զինված ուժերի մեջ, բավականին խոչընդոտներ է ստեղծում նոր մարդկանց ԶՈՒ-երում ներգրավելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով՝ երբ հերոս հռչակում ես ոչ թե հայրենիքի համար ծառայողին, այլ հարկ վճարողին, այդ մոտիվացիան չի լինում:
Մանրամասները՝ տեսանյութում: