
Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

Այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր
Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք է ներկայացնել բառացի թարգմանությամբ։
Ի պատասխան Կոնգրեսական Սմիթի հարցին Ռուբիոն պատասխանում է.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։
Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։»
Նախ պետք է հաշվի առնել, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատարը։ Ըստ էության՝ նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները, փաստորեն, նույնական են։
Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում: Իրականում այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ: Միաժամանակ, Թրամփի՝ «աշխարհին խաղաղություն բերողի» դիրքավորումը նույնպես ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ զինված հակամարտությունների տեսքով»,-գրել է նա։