
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման:
Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակներում սերտ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թորգոմյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կիպրոսի նախագահին և ժողովրդին։ Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնելու երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։
Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։