
Ֆրանսիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարով

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը.«Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները», – նշել է նախարարը։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը, Լիլյա Սիրականյանը և Նարեկ Հովակիմյանը։Պատվիրակության այցը նախաձեռնվել էր Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի (CCIFA) կողմից։