
Հութիները հայտարարել են, որ գրոհել են իսրայելական «Ռամաթ Դավիթ» ավիաբազայի վրա

Եմենի հյուսիսում կառավարող հութիների «Անսար Ալլահ» շիա շարժումը հայտարարել է, որ հրթիռային գրոհ է իրականացրել Իսրայելի հյուսիսում գտնվող «Ռամաթ Դավիթ» ռազմական ավիաբազայի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ռազմական գործողություն անցկացրինք՝ ուղղված օկուպացված Հայֆայից դեպի արևելք գտնվող «Ռամաթ Դավիթ» ավիաբազայի դեմ։ Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ, որը հասել է նշանակետին։ Հակառակորդի ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կալանել հրթիռը», – Telegram-ում հայտարարություն են տարածել հութիների զինված ուժերը։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Եմենից հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հյուսիս, մի քանի շրջաններում օդային տագնապի շչակներ են գործարկվել։ «Դեպի հրթիռ է արձակվել կալանիչ, կալանման արդյունքները դեռ ուսումնասիրվում են», – նշված է Telegram-ում տարածված հաղորդագրության մեջ։
Հութիները մարտից վերսկսել են Իսրայելի վրա ռմբակոծություններն այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հաստատված հրադադարը դադարեցվեց, և Իսրայելն արգելեց մարդասիրական օգնության մուտքը պաղեստինյան անկլավ։