
Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ Այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը ճգնաժամ է տիրում, քանի որ երկրի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել խոսքի, հավաքների և միավորումների ազատության վրա և իրավապահ համակարգին զինել է իր քննադատների դեմ:
«Բաքվում պահվող հայերն այն խմբերից են, որոնք ամենաշատն են տուժել այս կառավարության քաղաքականությունից։ Դաժան վերաբերմունքը համատարած է, իսկ արդար դատավարությունները պատրանք են դարձել Ադրբեջանում»,-ընդգծել է պատգամավորը։ Նա դրական է համարել, որ Եվրախորհրդարանը հետևողականորեն անդրադառնում է այս իրավիճակին։
«Ցավալիորեն, սակայն, թվում է, որ Եվրախորհրդարանը Եվրոպական միության միակ ինստիտուտն է, որն անում է դա: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել մեր արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ Դա ոչ միայն կեղծավորություն է, այլ նաև կախվածություն է առաջացնում՝ մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար: Մենք դասեր չե՞նք քաղել Ռուսաստանից մեր ունեցած նախկին կախվածությունից։ Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից»,-իր ելույթում ընդգծել է Կատերինա Վիեյրան։