
Փաշինյանին «Կոշում» ծեծում էին, զանգում էր, գնում, ասում էի`մի ծեծեք, «զոն նայողը» մի օր ասեց` քեզ շատ ենք հարգում, բայց ինքը լավ մարդ չի. Թեմիկ Խալափյան
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի մտավորականության հավաքը։
Ելույթ է ունեցել նաև մտավորական, իրավապաշտպան, «Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» հիմնադիր Թեմիկ Խալափյանը:
Կենտրոնը գործում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տարբեր ծրագրեր է իրականացնում դատապարտյալների համար:
Թեմիկ Խալափյանը ելույթի ընթացքում պատմել է, որ Նիկոլ Փաշինյանին լավ է ճանաչում, և ժամանակին, երբ նա ազատազրկվել էր և «Կոշի» գաղութում էր իր պատիժը կրում, նրան հաճախ էին ծեծում: Փաշինյանը զանգում էր նաև (Փաշինյանն այդ օրերին շատերին է զանգել,-հեղ.) Թեմիկ Խալափյանին, վերջինս էլ, որպես իրավապաշտպան, օգնում էր:
«Փաշինյանին գաղութում շատ էին ծեծում, անընդհատ զանգում-ասում էէր` ծեծում են, գնում, ասում էի` խնդրում եմ, մի ծեծեք, «զոն նայողը» մի օր ասեց` քեզ շատ ենք հարգում, ցավդ տանեմ, դու շատ ես մեզ օգնել, չիմանաս, որ գող ենք` բան չենք հասկանում, բայց ինքը լավ մարդ չի»,-պատմել է Թ. Խալափյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2010 թվականին, Մարտի 1-ի գործով «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իրեն այցելած պատգամավորներին պատմել էր, որ գիշերը քնած ժամանակ 2 սևազգեստ, դիմակավորված անձինք հարձակվել էին իր վրա և հարվածել: Նշվում էր, որ ծեծը կազմակերպել էին հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, նա պատմել էր, որ հագուստի վրա կոշիկների և արյան հետքեր են եղել:
Փաշինյանից բացի, այդ պահին խցում գտնվել էին ևս 18 դատապարտյալներ: Խցակից դատապարտյալները, սակայն, հերքել էին Փաշինյանի պատմածը:
Կատարվածի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը:
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ:
«Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Փաշինյանի գիշերային երազների շարքից է: Այս` անլրջության շարքին դասվող հերթական նախաձեռնությունը, մեր համոզմամբ, հետապնդում է ամեն եղանակով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում», – ասված էր արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հաղորդագրության մեջ:
2020թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության և մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:
«2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել:
Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործովպետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր նա` ավելացնելով, թե «վերջերս, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրելու, գնացել է այդ հարցով ցուցմունք տալու, տվել է կոնկրետ մարդկանց անուններ»:
Ի դեպ, Փաշինյանի գաղութում անցկացրած օրերի մասին ԶԼՄ-ներում շատ այլ դրվագներ են ներկայացվել, որոնք լավագույնս բնորոշում են նրան: