
Բազմաթիվ երկրներ և կառույցներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների մեղավորներին

Աշխարհի մի շարք երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Չինաստանը դատապարտել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Դատապարտելով Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
«Համակարգված հարձակումներից հետո մենք ծայրահեղ անհանգստացնող տեղեկություններ ենք ստանում ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և վիրավոր զինվորականների սպանությունների մասին։ Բոլոր սպանությունները և այլ խախտումները պետք է օպերատիվ, թափանցիկ և անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան», – ասվում է Տյուրկի հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած սպանությունները և Վաշինգտոնի աջակցությունն է հայտնել երկրում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին։
«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանել են Սիրիայի արևմուտքում։ Միացյալ Նահանգները կանգնած է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների կողքին, այդ թվում՝ քրիստոնյա, դրուզական, ալաուիական և քրդական համայնքների, և ցավակցություն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն սիրիական փոքրամասնությունների այս ջարդերի մեղավորներին», – նշել է նա։
Իր հերթին Ֆրանսիան դատապարտել է Սիրիայի Տարտուս, Լաթաքիա և Հոմս նահանգներում «լրջագույն բռնությունները, որոնց թիրախում են հայտնվել խաղաղ բնակիչները և բանտարկյալները՝ կրոնական հիմունքներով»։Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ կոչ է արել «սիրիական անցումային իշխանություններին ապահովել անկախ հետաքննություններ՝ բացահայտելու այս հանցագործությունների ամբողջական հանգամանքները և դատապարտելու մեղավորներին»:
Գերմանիայի ԱԳՆ-ն նույնպես դատապարտել է բռնության աճը Սիրիայում՝ կոչ անելով վերադառնալ քաղաքական գործընթացին և կայունացնել իրավիճակը երկրում։
«Երկրի ապագան պետք է լինի բոլոր սիրիացիների ձեռքում՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, կրոնից և սեռից, և զերծ արտաքին ապակայունացման փորձերից», – նշվել է նախարարության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ Եվրամիությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ «քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ»։
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնք ուղղված են խաթարելու սիրիական նոր իշխանությունների ջանքերը։Չինաստանի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի ափամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ կոչ անելով հարգել քաղաքական գործընթացը։
Ըստ սիրիացի ակտիվիստ Լաբիբ ալ-Նահասի, որը վկայակոչում է հետախուզական տվյալները, տեղի ունեցածին աջակցում է լիբանանյան «Հեզբոլլահ»-ը։
Իր հերթին շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը Սիրիայում շարունակվող հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ կտրականապես մերժում է իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ