
«Եթե Ֆիդանը լինի նախագահի թեկնածու, պառակտումներն ԱԶԿ-ում կշատանան»

Թուրքական «Sözcü» թերթի հոդվածագիր Էրդալ Սաղլամը հայտնում է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների բովում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) շարքերում հնարավոր է պառակտումներ լինեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով, սոցհարցումների համաձայն՝ այս օրերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախագահի թեկնածուների թվում է, և որ ուշագրավն է, թեկնածուների ցանկում առաջատարն է:
«Խոսվում է, որ ԱԶԿ-ի ղեկավար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխարինող անձանցից մեկը Հաքան Ֆիդանն է: Վերջինս նախագահականում անհանգստությունների պատճառ է դարձել»:
Սաղլամն ընդգծում է, որ կուսակցության ներսում Ֆիդանի նկատմամբ խմորումներ են առաջացել և նա «ընտանիքում» դիտարկվում է որպես լուրջ մրցակից:
«Եթե Հաքան Ֆիդանի թեկնածությունը հստակ լինի, ընտանիքի ներսում պառակտումները կշատանան»,-հավելել է նա:
Բացի այդ հոդվածագիրն ակնհայտ է համարել, որ Էրդողանից հետո «ԱԶԿ»-ն թուլանալու է, քանի որ Թուրքիայի ներկայիս նախագահի քվեներն ավելի շատ են, քան բուն կուսակցության քվեները: