Բաժիններ՝

Ճանաչված ռեժիսոր Վլադիմիր Բայչերը դասախոսություններով հանդես է գալիս ԵԹԿՊԻ-ում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ռազմավարական զարգացման ծրագրի առաջնահերթություններից համարելով միջազգային փորձառու դասախոսների ներգրավումը բարձրագույն կրթության որակի բարելավման գործում՝ Հայաստան է հրավիրել ռեժիսոր Վլադիմիր Բայչերին։

Միխայիլ Չեխովի դերասանական մեթոդի որակավորված դասախոս, տարածաշրջանում մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր Վլադիմիր Բայչերը «Քարնեգի» հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում փետրվարից մինչև հունիս ռեժիսուրայի և դերասանական վարպետության դասեր է անցկացնելու Թատերական ինստիտուտում։

Բայչերը Միխայիլ Չեխովի կենտրոնի ղեկավարն է, ինչպես նաև Մ․ Չեխովի միջազգային արվեստանոցի (Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Լատվիա) համահիմնադիրը։

Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերել տեսական գիտելիք և գործնական հմտություններ, որոնք համահունչ են ժամանակակից թատերվեստի պահանջներին։

Բայչերն ուսանողներին է փոխանցում իր փորձը՝ ընդգծելով ժամանակակից ռեժիսուրայի մարտահրավերներն ու նորարարական մոտեցումները, ինչպես նաև խոսում դրանց կիրառական հնարավորությունների, դերասանի վարպետության զարգացման արդի միտումների մասին։ Դասընթացի ավարտին Վլադիմիր Բայչերի հանձնարարությամբ ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ստեղծագործական աշխատանքները ներկայացումների տեսքով։

Այս համագործակցությունը հաստատուն քայլ է դեպի կրթական ծրագրերի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։ Նմանօրինակ ծրագրերը մեծ հնարավորություններ են ստեղծում բուհի համար՝ միջազգային կրթական հարթակներում դիրքերն ամրապնդելու և կրթության բարձր որակ ապահովելու տեսանկյունից։ Վլադիմիր Բայչերը 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետը (պրոֆեսոր Լեոնիդ Եֆիմովիչ Խեյֆեցի արվեստանոց)։ Բեմադրել է վաթսունից ավելի ներկայացումներ, որոնք բազմիցս արժանացել են միջազգային փառատոների մրցանակների։

2006-2017 թվականներին եղել է Ա. Պ. Չեխովի «Մելիխովո» թանգարան-արգելոցի «Չեխովյան ստուդիա» թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու «Մելիխովյան գարուն» միջազգային թատերական փառատոնի տնօրենը։ 2013-2014 թվականներին՝ Մոսկվայի կինոդերասանի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում։  2014-2020 թվականներին եղել է Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանը։

Ղեկավարել է դերասանա-ռեժիսորական արվեստանոց ԳԻՏԻՍ-ի ռեժիսուրայի ֆակուլտետում։  2023-2024 թվականներին եղել է Շանհայի թատերական ակադեմիայի հրավիրյալ պրոֆեսոր։ Շանհայի կինոակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է։  «Չեխով-Ինստիտուտ» միջազգային կրթական ծրագրի հիմնադին ու  ղեկավար է։ Անցկացրել է դերասանական վարպետության և ռեժիսորական լաբորատորիաներ մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս