
«Հորեղբայրս չէր սիրում, երբ իր մասին կենացներ էին խմում. Վազգեններ դեռ կան ու լինելու են». Նոնա Սարգսյան
Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմի պրեմիերան։
Իրական փաստերի հիման վրա նկարահանված ֆիլմի հեղինակը և գլխավոր պրոդյուսերը Նոնա Սարգսյանն է, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը։
Պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում Նոնա Սարգսյանը նախ անդրադարձավ ֆիլմի վերջաբանին և ի պատասխան լրագրողների հարցին, թե ո՞ւմ մտահղացումն էր նման վերջաբանը, ասաց՝ մտահղացումն իրենն է։
«Համարում եմ, որ Վազգեններ դեռ կան ու լինելու են, կյանքը շարունակվում է, ու պիտի նրա արած գործը մենք շարունակենք, երբեք չհուսահատվենք։
Ֆիլմում հորինված դրվագներ չկան, եթե ուշադիր լինեիք, Վազգեն Սարգսյանն անգամ կոկորդի վրա փոքրիկ նշան ուներ։ Կուկուրուզի հատիկ է կանգնել իր կոկորդին։ 1 տարեկանում փոքրիկ կտրվածք են արել, ասել են, որ երեխան մահացած է, բայց նա ապրել է, քիչ օդ է կարողացել շնչել։ Այդպես ապրել է, մինչև ծնողները հորեղբոր՝ Կառլենի և Նոնոյի հետ տեղափոխել են Երևան»,- նշեց Նոնա Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ այն ամենը, ինչ ցանկանում էր ասել ֆիլմի միջոցով՝ տեղ կհասնի, ամեն դեպքում փորձել է անել ամեն ինչ, ինչ կարողացել է։
Նա վստահ է, եթե հորեղբայրը՝ Վազգեն սպարապետը, ողջ լիներ ու տեսներ, որ իր մասին ֆիլմ են նկարահանում՝ շատ կզայրանար։
«Հիմա վերևից նայում է, ու հուսամ, ինձ վրա շատ չի բարկանում, որովհետև ինքը չէր սիրում, երբ իր մասին կենացներ էին խմում, երգեր էին երգում»,- ընդգծեց Նոնա Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում