
Ղրղզստանը և Տաջիկստանը փոխանակել են վիճելի տարածքները և վերջնականապես լուծել սահմանային վեճը

Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման շրջանակներում փոխանակել է այն տարածքները, որտեղ պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
«Երկու կողմերն էլ հողերի փոխանակման ժամանակ չեն առաջնորդվել ռազմավարական նպատակներով: Մենք փոխանակել ենք միայն այն տարածքները, որտեղ մշտապես բախումներ են ծագել», – ասել է նա պետական լրատվական գործակալությանը հարցազրույցում՝ մեկնաբանելով փետրվարի 21-ին Տաջիկստանի հետ ստորագրված սահմանագծման մասին փաստաթուղթը։
Ժապարովի խոսքով՝ հողատարածքները, որոնք փոխանակել են երկրները, կա՛մ անկլավներ են, կամ էլ շախմատաձև դասավորված են սահմանի երկայնքով:
Ինչպես հավաստիացրել է Ղրղզստանի նախագահը, Տաջիկստանի հետ սահմանի հարցը «ընդմիշտ լուծված է»։
«Վերջ, վերջակետ դրվեց, հաշվի են առնված երկու կողմերի շահերը: Սահմանի մասին դեռ շատ կարելի է խոսել: Բայց առայժմ ժամանակը չէ: Թող ամեն ինչ ավարտվի, և այն ժամանակ կասենք: Այն ժամանակ պատմությունը կդատի մեզ: Համոզված եմ, որ նա մեզ կտա «գերազանց» գնահատական», – ընդգծել է նա։
Փետրվարի 21-ին Բիշքեկի և Դուշանբեի միջև ստորագրվել է փաստաթուղթ սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին։ Ինչպես պարզաբանել է Ժապարովը, այն այժմ պետք է վավերացվի երկու պետությունների խորհրդարանների կողմից և ստորագրվի նախագահների կողմից, ինչից հետո կկայանա համապատասխան նոտաների կփոխանակում արտգործնախարարությունների միջև։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից։ Այդ չկարգավորված խնդիրը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ։
Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ բախում։
Ղրղզստանը սահմանակից է Չինաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին։ Տաջիկստանը մնացել է վերջին հարևան պետությունը, որի հետ Ղրղզստանը մինչ այժմ չէր կարողացել լուծել բոլոր սահմանային խնդիրները: