
Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ողջունում է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Ծրագրի շինարարության ընդհատումը 2018թ․ զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։
Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի։ Այն ոչ միայն ի ցույց կդնի Հայաստանի՝ ներդրումների համար ապահով և արդար միջավայր ապահովելու պատրաստակամությունը, այլև՝ ոսկու աննախադեպ բարձր շուկայական գների պայմաններում զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Աներկնբա է, որ Ամուլսարի ծրագրի անխափան իրագործումը այլընտրանք չունի ո՛չ իրավական, ո՛չ սոցիալ-տնտեսական և ընդհանուր առմամբ երկրի շահի տեսանկյունից։
Վստահ ենք, որ Հայաստանում հասարակության լայն շերտերի մոտ կա այս ծրագրի թե՛ անխափան իրագործման, թե՛ ոլորտի զարգացման անհրաժեշտության խորը գիտակցում, որը հնարավոր կդարձնի այս և այլ ներդրումային ծրագրերի սահուն ընթացքը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։