
Լինելու են իրավական շատ լուրջ գործընթացներ՝ հասկանալու համար՝ ամեն քայլի տակ տգիտությո՞ւն էր, թե՞ ծրագիր. Կարեն Բեքարյան
Հայաստանի այս իշխանության վարածը քաղաքականություն չէ. աղմուկ է ընդամենը՝ օրակարգ լցնելու և մեկ օրով ավելի իր իշխանությունը պահելու համար. այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
«Առավոտից երեկո աղմուկ են անում, թե նոյեմբերի 9-ով կողմեր կան, որ իրենց պարտավորությունները չեն կատարում։ Հիմա հարց՝ չեն կատարում, այդ դեպքում ինչո՞ւ քո ստորագրությունը հետ չես կանչում այդ հայտարարության տակից։
Հաջորդը՝ աղմկում են ՀԱՊԿ-ի շուրջ, հարց՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս չեք գալիս։ Չեն դիմում քայլերի, որովհետև ամեն ինչ, ինչ կա այսօր, իրավիճակային է՝ ծառայեցվող ընդամենն իրենց աթոռների պահպանությանը։ Իրենց մտածածը սա է՝ PR-ն անենք, եթե դիմացինը երաշխիքներ տա՝ լավ, եթե չէ, մի բան կանենք, կարող է, չէ՞, գալ մի պահ, որ կարողանամ թռնել մյուս կողմի գիրկը։ Այս ամենի տակ չկա պետականը, կա ընդամենը աթոռը պահելու խնդիր»,- ասաց Բեքարյանը։
Վերջինս հիշեցրեց՝ այս իշխանությունը շատ ամուր կառչած է աթոռից, որովհետև շատ լուրջ խնդիրներ է տեսնում իշխանություն չլինելու դեպքում։
«Էդ էդպես խաղալիք է հա՞, էդքան հեշտ բա՞ն է, հա՞, էսքան զոհ տալը։ Էդքան զոհ տալ, ու դա անհետևանք անցնի՞, հա՞, կամ անցնի իշխանության մնալ-չմնալու հարցով։ Բոլորս էլ հասկանում ենք, որ լինելու են իրավական շատ լուրջ գործընթացներ՝ հասկանալու համար՝ ամեն արված քայլի տակ տգիտությո՞ւն էր, թե՞ ծրագիր, դիտարկելու բոլոր քայլերի շղթան ու հասկանալու՝ տակը տգիտություն մնա՞ց։ Պարզ է, չէ՞, որ սա շատ լավ գիտեն նաև իրենք, ինչից էլ բխում է իշխանությունը պահելու այդ մոլուցքը»,- ասաց Կարեն Բեքարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։