Ամերիկայի հայկական համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդկության դեմ հանցագործությունների համար

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Սումգայիթի հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ։

Ամերիկայի հայկական համագումարը հիշատակում է Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցը, որը դաժանորեն ծրագրված և իրագործված ջարդ էր՝ ուղղված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դեմ։

Համագումարը հիշեցնում է, որ խաղաղ հայ ժողովրդի նկատմամբ բռնությունները սանձազերծվել են 1988 թվականի փետրվարի 27-ին և շարունակվել մինչև 1988 թվականի մարտի 1-ը, երբ բռնարարները, ունենալով հայ բնակիչների հասցեները, երեք օրվա ընթացքում սպանեցին, ծանր վիրավորեցին, վանդալիզմի ենթարկեցին և թալանեցին հայ բնակիչներին։

 «Ջարդի տեղեկությունը լայն տարածում գտավ հիմնական լրատվամիջոցներում, սակայն Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող բռնությունը սրվեց, և 1980-ականների վերջին և 1990-ականներին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում լրացուցիչ ջարդեր իրականացվեցին»,-ասված է Համագումարի հայտարարության մեջ:  

Վերջինիս դիտարկմամբ՝ հակահայկական անկարգություններն ադրբեջանցիների բուռն արձագանքն են եղել, քանի որ Բաքուն ընդդիմանում էր արցախահայության ինքնորոշման օրինական իրավունքին, որին աջակցում էին մարդու իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում:  

«Հայ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումն իր դաժան ավարտին հասավ 2020 թվականի սեպտեմբերին 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի վրա Ադրբեջանի չարդարացված հարձակման ժամանակ, որին հաջորդեց արցախահայության բռնի վտարումն իրենց պապենական հողերից»,-նշված է տարածված հայտարարության մեջ։ 

Ամերիկայի հայկական համագումարը նաև դատապարտել է Ադրբեջանի շարունակական թշնամանքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, պաշտոնյաներին անօրինական կալանքի տակ պահելը։ Համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդկության դեմ հանցագործությունների համար, որ իրականացրել է այդ երկիրը։

1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ 

Սումգայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության:

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Տեսանյութեր

Լրահոս