
Իրանում դատապարտել են ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը Իսլամական Հանրապետության նավթի վաճառքի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության մասին որոշումը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու օրինական իրավունքի մի մասն է, և կողմերից ոչ մեկն իրավունք չունի քաղաքական պատրվակներով խանգարել կամ արգելել նրանց առևտրատնտեսական հարաբերությունները», – ասել է Բաղային։
Իրանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և խախտում իրանցիների իրավունքները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի տնտեսության վրա «առավելագույն ճնշման» ռազմավարությանը վերադառնալու շրջանակներում նոր պատժամիջոցներ է սահմանել նավթի բրոքերների, նավերի և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, նրա խոսքով, կապված են իրանական նավթի անօրինական մատակարարումների հետ: