Բաժիններ՝

Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով

Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում։

«Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են: Դա բացարձակապես անվիճելի փաստ է, չքննարկվող  փաստ», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում ոչ ոք հեշտ և արագ լուծումներ չի սպասում: 

«Ոչ ոք չի ակնկալում, որ լուծումները կլինեն հեշտ և արագ: Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այսպես է նա  պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Կրեմլում Վաշինգտոնի խոհեմության հույս ունե՞ն արդյոք Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և ակնկալո՞ւմ են արդյոք, որ Վաշինգտոնը պատրաստ է լսել և ընդունել Ռուսաստանի համար սկզբունքային կետերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս