
Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոց

Փետրվարի 27-ին, ժամը 08։12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին՝ «Ջիգլսի աղբյուր» կոչվող հատվածում, բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է և առաջացել խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանու հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բեռնատարը խափանվել է:
Փրկարարներն ուղղել են «FOTON» մակնիշի բեռնատարը և քարշակման եղանակով (մոտ 1 կմ) այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: