
Տասնյակ անգամներով աշխատավարձ է աճել. ինչպես է Փաշինյանը լվանում մարդկանց ուղեղները
Հայաստանում 2018-24թթ. գնաճը կազմել է 27 %, սակայն, միևնույնն է, տնտեսությունն աճել է 43,5 %-ով։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր հպարտությամբ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024թ. կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։
Ըստ Փաշինյանի՝ 2025 թ. հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 296.651 դրամ, որը 2018թ. հունվարի նկատմամբ 126.594 դրամով կամ 74 տոկոսով ավել է։
Ինչ վերաբերում է 2024 թվականին ցուցանիշներին, ապա Փաշինյանը նշեց, որ անցած տարի տարեկան միջին աշխատավարձը կազմել է 287.172 դրամ, որը 2018 թ. նկատմամբ ավելացել է 114.445 դրամով կամ 66.3 տոկոսով։
Անդրադառնալով աշխատատեղերին` նա ասաց, որ 2024 թ. արդյունքներով աշխատավարձով ապահովված աշխատատեղերի քանակը, որի արդյունքում եկամտահարկ է գանձվում, եղել է 760.555 մարդ։ Այս ցուցանիշը 2018 թ. հունվարի ցուցանիշից ավելի է 203.875 մարդով կամ 36.6 տոկոսով։
Նրա ունեցած տվյալներով` 2025 թ. հունվարին 2024 թ. հունվարի համեմատ ՀՀ-ում 41.124-ով ավելի աշխատատեղ կա։
«2018-24 թվականներին 2017 թվականի համեմատ ՀՀ տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով։ Սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6.1 տոկոսից ավելի աճ ենք ունեցել։ Սա այն դեպքում, երբ մենք կառավարել ենք ճգնաժամային տարիներ։ Ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահ է, որ ՀՀ-ն շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա։