
Պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն խնդրի հասցեավորման ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին

Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը:
«Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին:Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում»,- հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից՝ ընդգծելով, որ հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չեն համարում։
Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:
«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»,- եզրափակեցին ՄԻՊ գրասենյակից: