
Աբովյան փողոցի խանութներից մեկի սեփականատերը, ով հայտնի փաստաբան է, կտրել է իր խանութի դիմաց գտնվող, համայնքին պատկանող խաղողի վազը

Փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցում մի քաղաքացի կտրել է խաղողի վազը։
Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնոլոգ, Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Հ․-ն հայտնել է, որ Աբովյան փողոցի 38 հասցեի դիմաց անհայտ անձը ծառահատել է համայնքին պատկանող խաղողի վազը:
Ոստիկանները պարզել են, որ ծառահատումը կատարել է նշված հասցեում գործող խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 55-ամյա Արտավազդ Այվազյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։