Որքան շուտ իշխանափոխություն լինի, այնքան հնարավորությունները շատ կլինեն վերականգնվելու. Ռուստամյան

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը բարձրացնելու է արցախահայերի հավաքական վերադարձի հարցը Արցախ։ Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները։ Բայց հնարավոր չէ արցախահայերի վերադարձը պատկերացնել՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը։

Բնակչության համար անհրաժեշտ են անվտանգության ամենալուրջ երաշխիքներ, և այդ երաշխիքների շրջանակը կարելի է ապահովել նաև միջազգային մակարդակով։

«Դրա համար առաջին քայլը պետք է լինի արցախահայությանը միջանկյալ կարգավիճակ տալը, որպեսզի նրանք չբախվեն այն սպառնալիքներին, որոնք այսօր կան»,–ասաց Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրվի, հակառակ դեպքում արցախահայերի վերադարձն անհնար է։

«Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, մեզ անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,–ասաց նա։

Ռուստամյանն առանձնացրեց դիվանագիտության երեք մակարդակ՝ պաշտոնական, խորհրդարանական և ժողովրդական։ Այն, ինչ կարող է անել Դաշնակցությունը, տեղավորվում է ժողովրդական մակարդակով դիվանագիտության շրջանակներում։ Այդ աշխատանքն իրականացվում է այնքանով, որքանով դա անում է ընդդիմությունը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Սակայն պաշտոնական Երևանը բոլորովին այլ ծրագիր է իրականացնում՝ լիովին սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը։

Տեսանյութեր

Լրահոս