
Սուդանում ռազմական օդանավի վթարը 46 մարդու կյանք է խլել

Սուդանի Օմդուրման քաղաքի հյուսիսում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. զոհվել է առնվազն 46 մարդ, որոնց թվում են բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Եվս 10 մարդ վիրավորվել է։
Ավիավթարը տեղի է ունեցել Վադի Սեյդնա ռազմական օդանավակայանից «Անտոնով» ինքնաթիռի օդ բարձրանալու ժամանակ։ Օմդուրմանի բնակիչները հայտնել են վթարի հետևանքով տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին, որը վնասել է մի քանի տներ և առաջացրել էլեկտրաէներգիայի անջատումներ շրջակա թաղամասերում:
Խարթումի առողջապահության նախարարությունը սկսել է տուժածներին օգնություն ցուցաբերել ինքնաթիռի վթարի վայրում։ Փլատակներում մնացած մարդկանց որոնումները դեռևս շարունակվում են:Ըստ պաշտոնյաների՝ սա վերջին երկու տասնամյակում հյուսիսարևելյան Աֆրիկայի այս երկրում տեղի ունեցած ամենամահաբեր ավիավթարներից մեկն է:
Al Arabiya-ի տեղեկացմամբ՝ օդանավը կործանվել է «տեխնիկական սխալի» պատճառով։ Ինքնաթիռների վթարները սովորական երևույթ են Սուդանում՝ հիմնականում երկրի ավիացիոն անվտանգության վատ ցուցանիշների պատճառով: 2020 թվականին Դարֆուրի արևմտյան շրջանում ռազմական ինքնաթիռի՝ ռուսական «Ան-12»-ի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։
2023 թվականի ապրիլից ի վեր Սուդանի զինված ուժերը պատերազմում են ռազմականացված Արագ աջակցության ուժերի դեմ։ Պատերազմը Սուդանում, որի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, բռնկվել է այն բանից հետո, երբ բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի և Արագ աջակցության ուժերի հրամանատար Մուհամեդ Համադան Դագլոյի միջև առաջացել է կառավարության ապագա կառուցվածքի շուրջ տարաձայնություն:
Ներկայում բանակը զգալի առաջխաղացումներ է գրանցել կենտրոնական Սուդանում և Խարթումում ձեռնարկած բազմակողմ հարձակման ընթացքում: