
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին ու մի խումբ այլ անձինք Երևանում բերման են ենթարկվել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է զենք-զինամթերք լինի:
Քրեական ոստիկանները հայտնաբերել են այդ ավտոմեքենաները, բերման են ենթարկել Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանին, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանին, Ուկրաինայի հանրապետության քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևին, Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Սեյրան Դադասյանին, 45-ամյա Էրիկ Բեգլարյանին, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Լավրենտի Վարդանյանին և 35-ամյա Արայիկ Հովսեփյանին:
Դենիս Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դավիթ Մանուկյանին:
Հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Դ. Մանուկյանն Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, ԱԺ նախկին պատգամավոր է, եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: