Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է փետրվարի 28-ին Զելենսկիի հնարավոր այցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 28-ին կարող է մեկնել Վաշինգտոն՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու։

Զելենսկիի հնարավոր այցի մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Լսել եմ, որ նա գալու է ուրբաթ օրը։ Իհարկե, ես դրան դեմ չեմ, եթե նա ցանկանա», – ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ ցանկանում է վերադարձնել Կիևին տրամադրված գումարը:

Ուկրաինական Economic Pravda թերթի տեղեկացմամբ՝ Կիևը կվճարի իր պետական ​​սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսներից, նավահանգիստներից և ռեսուրսների հետ կապված ենթակառուցվածքներից ստացված եկամուտների 50 տոկոսը Ուկրաինայում ներդրումներ կատարող հիմնադրամին:

Ըստ POLITICO հրատարակության՝ համաձայնագրում բացակայում են Ուկրաինայի անվտանգությանը վերաբերող ամերիկյան երաշխիքները, ինչն առաջ էր քաշում Կիևը: Միևնույն ժամանակ համաձայնագրի նախագծում չի նշվում 500 միլիարդ դոլար թիվը, որը Թրամփը պահանջում էր որպես փոխհատուցում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրված աջակցության դիմաց
Հարցին, թե ինչ է ստանալու Ուկրաինան օգտակար հանածոների հետ կապված գործարքի դիմաց, Թրամփը մատնանշել է ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ տրամադրված օգնությունը, ինչպես նաև «մեծ թվով ռազմական տեխնիկա և կռվելը շարունակելու իրավունք»:

Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր ստորագրել Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված համաձայնագրի նախագիծը՝ ասելով, որ պայմանները, որոնք ներառում են Կիևի հրաժարումը հանքանյութերից, նավթից և գազից, գումարած նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից, չափազանց խիստ են:

Ուկրաինան ունի կարևոր նյութերի և օգտակար հանածոների հսկայական պաշարներ՝ լիթիումից մինչև տիտան, որոնք կենսական նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության համար և շատ պահանջված են ռեսուրսների համար համաշխարհային մրցավազքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս