Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար միներալներ գնել Ռուսաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հնարավորություն ունենալ միներալներ գնելու Ռուսաստանից:

Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։«Ես կցանկանայի միներալներ գնել նաև Ռուսաստանից, եթե հնարավոր լինի…. Նրանք շատ լավ հազվագյուտ հողային մետաղներ ունեն», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ նման համաձայնագիրը շահավետ կլիներ նաև Մոսկվայի համար։

ԱՄՆ ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությունը կքննարկվի  ապագայում, սակայն այսօրվա դրությամբ այդ հարցում պայմանավորվածություններ առայժմ չկան։

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել համագործակցություն հազվագյուտ հողային մետաղների հարցում, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամերիկյան վարչական կառույցներին և ընկերություններին առաջարկել համատեղ աշխատանք հազվագյուտ հողային մետաղների բնագավառում, եթե նրանք նման հետաքրքրություն ցուցաբերեն։Պուտինը նաև նշել էր, որ օգտակար հանածոների շուրջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համաձայնությունը ոչ մի կերպ չի վերաբերում Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՌԴ-ն ունի ավելի մեծ հազվագյուտ հողային պաշարներ, քան Ուկրաինան։

Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել հազվագյուտ հողային մետաղների համատեղ մշակման շուրջ՝ որպես փոխհատուցում Կիևին տրամադրած օգնության դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս