
Ուկրաինան ևս 3,5 մլրդ եվրո կստանա ԵՄ-ից. Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են

Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան ժամանել են Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ նշելով 3,5 միլիարդ եվրոյի նոր օգնության փաթեթի մասին։
«Ռուսաստանի դաժան ներխուժման երրորդ տարելիցի օրը Եվրոպան Կիևում է։ Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է», – գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X-ում՝ հավելելով, որ այս «գոյապայքարում» ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրն է որոշվելու, այլև Եվրոպայի։
Այնուհետև Կիևում Ուկրաինային աջակցության միջազգային գագաթնաժողովի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն 3,5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ է տրամադրում Կիևին, որը տեղ կհասնի արդեն մարտին։ Նա նշել է, որ մինչ այժմ ԵՄ-ն և անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 134 միլիարդ եվրոյի օգնություն։ Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ «դա ավելին է, քան որևէ այլ մեկի տված օգնությունը»՝ այսպիսով հակադրվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, որ Վաշինգտոնն ավելի մեծ օգնություն է տրամադրել Կիևին, քան ԵՄ-ն։