Բաժիններ՝

Գազայի հատվածում մեկնարկել է նոր ուսումնական տարին 1,5 տարվա ընդմիջումից հետո

Պաղեստինի կրթության նախարարությունը Գազայի հատվածի դեմ 2023 թ. հոկտեմբերից Իսրայելի կողմից անցկացվող ռազմական գործողություններից ի վեր առաջին անգամ հայտարարել է նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Asharq News-ը։ 

Նախարարությունը Գազա քաղաքի «Ան-Նասր» դպրոցում հրավիրել էր մամուլի ասուլիս, որին ներկա են գտնվել մեծ թվով աշակերտներ։Ըստ գերատեսչության հայտարարության՝ նոր ուսումնական տարին սկսվում է՝ չնայած պատերազմի պատճառած զանգվածային ավերածություններին և ռեսուրսների ու հնարավորությունների մեծ սղությանը:

«Մենք լիովին գիտակցում ենք մեր աշակերտների և ուսուցիչների առջև ծառացած դժվարությունները, սակայն հաստատում ենք մեր լիակատար հանձնառությունը՝ ապահովելու մեր բոլոր երեխաների կրթության իրավունքը՝ դասընթացները կազմակերպելով  թե՛ դեռ կանգուն, թե՛ վերանորոգված ու վերազինված, թե՛ այլընտրանքային դպրոցներում ու կրթական կետերում, որոնք բացվել են տարբեր շրջաններում», – նշվել է հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ ջանքեր կգործադրվեն՝ շարունակելու հեռավար ուսուցումը վիրտուալ հարթակների միջոցով այն աշակերտների համար, որոնք չեն կարողանում հաճախել դպրոց:

Տեղեկությունների համաձայն՝ Գազայի դպրոցների ավելի քան 85%-ը վնասվել կամ ավերվել են իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։

Իսրայելը պաղեստինյան անկլավում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր շուրջ 1200 մարդ, 250 մարդ գերեվարվել էր։ Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերի միջև հաստատվել է հրադադար, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս