Բաժիններ՝

Ռուբիոն եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է Էր Ռիադում ՌԴ-ի պատվիրակության հետ հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից անմիջապես հետո զրուցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ։

«Պետքարտուղարն արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է հանդիպման ընթացքի մասին։ Բոլոր մասնակիցները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ Ուկրաինայում հակամարտության կայուն ավարտի հասնելու համար», – ասել է Բրյուսը։

Իր հերթին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրների, գրում է, որ Ռուբիոն եվրոպացի գործընկերներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի շուրջ հաշտության համաձայնագիր չի կնքվել: 

Փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների վերականգնման և ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Ռուսական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։

Բանակցություններից հետո Ուշակովը հայտնել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները «բավականին թռուցիկ ներկայացրեցին իրենց մոտեցումները» Ուկրաինայի վերաբերյալ։ ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել հատուկ խումբ, որը կզբաղվի «այս խնդրի բոլոր նյուանսների քննարկմամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս