
Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն, Զելենսկու վարկանիշն ընկել է մինչև 4%, երկիրը քարուքանդ է եղել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը: Ինձ հաճելի չէ խոսել այդ մասին, բայց Զելենսկու վարկանիշն ընկել է մինչև 4%։ Երկիրը քարուքանդ է եղել: Այն նմանվել է մեծածավալ ապամոնտաժման հարթակի: Մի՞թե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ մենք երկար ժամանակ ընտրություններ չենք ունեցել»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն եղել։
Թրամփը նշել է, որ դրան Ուկրաինային դրդում է ոչ թե Ռուսաստանը, այլ երկրում տիրող իրավիճակը։ ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ Զելենսկին տեղյակ չէ, թե ուր է ուղղվել գումարի կեսը, որն ԱՄՆ–ն հատկացրել է Ուկրաինային։
ԱՄՆ առաջնորդն աջակցել է Եվրոպայից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ «Լավ կլիներ, որ մարտական գործողությունների ավարտից հետո եվրոպական զորք տեղակայվեր Ուկրաինայում, ԱՄՆ-ն ստիպված չէր լինի իր զորքերն ուղարկել, քանի որ մենք շատ հեռու ենք», -ասել է Թրամփը:
Թրամփի խոսքով՝ ինքը դա հայտարարում է ոչ այն պատճառով, որ նման խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի իշխանությունները։ «Դա մի բան է, որը գալիս է ինձանից և շատ այլ երկրներից»,-ասել է Թրամփը:
Ամերիկայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, սակայն չի ցանկանում դա անել։