Բաժիններ՝

Նիդեռլանդներն ու Հայաստանը ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Էդգար Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և հոլանդական «Այաքս»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի կարծիքով հավաքականի նոր գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան’տ Սխիպին ժամանակ է պետք` հայկական ֆուտբոլին հարմարվելու համար:

«Անձնապես Ջոն վան’տ Սխիպին չեմ ճանաչում: Երբ ես էի «Այաքս»-ում, Սխիպը Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդեռլանդների հավաքականում: Կարծում եմ Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էդգար Մանուչարյանը:

Վերջինս առանձնացրեց, որ ինքն ավելի լավ ճանաչում է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում Սխիպի օգնական Արոն Վինտերին, ում հետ աշխատել է «Այաքս»-ի երկրորդ թիմում։

«Ջոն վան’տ Սխիպը երկար տարիների մարզչական փորձ ունի և հուսով եմ, որ իր մոտ ամեն ինչ հաջող կստացվի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում:

Հայաստանի և Նիդեռլանդների տարբերությունները շատ են, մտածելակերպն է տարբեր: Սակայն Նիդեռլանդներն ու Հայաստանը ֆուտբոլային առումով մոտ երկրներ են: Մենք էլ տեխնիկապես բարձր պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Կարծում եմ Սխիպին ժամանակ է պետք»,-ասաց Մանուչարյանը:

Նիդեռլանդացի մարզիչ 61-ամյա Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

Որպես ֆուտբոլիստ՝ Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքս»-ի կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է: Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքս»-ը և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը:  Ավստրալական «Մելբուռն Սիթի»-ն նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս