
ԱՄԷ նախագահն ընդունել է Ուկրաինայի ղեկավարին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն ընդունել է պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը։
ԱՄԷ նախագահը հույս է հայտնել, որ այցը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։
Կողմերը քննարկել են հարաբերությունների տարբեր ասպեկտներ, հատկապես տնտեսական, ներդրումային և զարգացման ոլորտներում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի, պարենային անվտանգության և երկու երկրների զարգացման առաջնահերթություններին վերաբերող ոլորտներում։
ԱՄԷ նախագահը նաև կարևորել է իր երկրի մոտեցումը՝ աջակցելու ճգնաժամերի խաղաղ լուծումներին՝ ի շահ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության։ Նա ընդգծել է ԱՄԷ-ի պատրաստակամությունն ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու և մարդասիրական ճգնաժամը մեղմելու հարցում։Նա նաև շնորհակալություն է հայտնել Վոլոդիմիր Զելենսկիին Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև գերիների փոխանակման հարցում ԱՄԷ-ի միջնորդական ջանքերին աջակցելու համար։
Իր հերթին Զելենսկին ընդգծել է ԱՄԷ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության ոլորտները զարգացնելու իր ցանկությունն առկա բազմաթիվ հնարավորությունների լույսի ներքո: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ նախագահին՝ գերիների փոխանակման գործում երկրի դիվանագիտական շարունակական ջանքերի համար։
Այցի շրջանակում Ուկրաինան և ԱՄԷ-ն ստորագրել են համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր, որով ազատականացվում է գրեթե բոլոր ուկրաինական ապրանքների մուտքը դեպի ԱՄԷ շուկա։
ԱՄԷ-ից հետո Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն չի մասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նախատեսվող բանակցություններին։