Բաժիններ՝

Վենսը չի բացառել ԱՄՆ զինվորականների ուղարկումը Ուկրաինա և նոր հակառուսական պատժամիջոցները

Միացալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ինչպես նաև ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով՝ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը Վաշինգտոնի կողմից «դիտարկվում է» այն դեպքում, եթե Մոսկվան հրաժարվի կարգավորել հակամարտությունը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանի դեմ օգտագործել «ներգործության տնտեսական լծակներ և, իհարկե, ներգործության ռազմական լծակներ»։

ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ դեռ շատ վաղ է խոսել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։ Ըստ Վենսի՝ այդ խնդիրը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանների հարցը կքննարկվեն բանակցություններում։ 

«Գոյություն ունեն զանազան ձևակերպումներ և կոնֆիգուրացիաներ, բայց մեզ համար կարևոր է, որ Ուկրաինան ունենա ինքնիշխան անկախություն», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Վենսը նաև հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պլանների մասին՝ համոզելու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, որ Մոսկվան կարող է իր համար շատ ավելիին հասնել բանակցությունների սեղանի շուրջ, քան մարտի դաշտում։ Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությունն այն մասին, թե վերադարձը 2014 թվականի դրությամբ Ուկրաինայի սահմաններին անիրատեսական է, Վենսն ասել է, որ Թրամփը կարող է փոխել իր կարծիքը՝ կախված բանակցությունների ընթացքից:

Փետրվարի 12-ին Հեգսեթը Բրյուսելում Արևմուտքի շփման խմբի հերթական նիստում ընդգծել էր, որ 2014 թվականի դրությամբ Ուկրաինայի սահմաններին վերադառնալն «անիրատեսական խնդիր է»։ ԱՄՆ փոխնախագահը հարցազրուցում նաև առաջարկել է վերագործարկել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության հաջող կարգավորման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս