Բաժիններ՝

Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա շուրջ 20 վիրավոր

Մյունխենում շուրջ 20 մարդ է վիրավորվել, երբ մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։ Չի բացառվում ահաբեկչության վարկածը։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, նշում է, որ իրավապահները ձերբակալել են վարորդին և եզրակացրել, որ նա հետագա սպառնալիք չի ներկայացնում։

Ձերբակալվածը 26-ամյա աֆղանստանցի է։ «Առնվազն 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը՝ շատ լուրջ», – ասել է Մյունխենի ոստիկանության խոսնակը։ 

The Mirror պարբերականը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 27 մարդ։Ամենայն հավանականությամբ, տուժել են Գերմանիայի արհմիություններից մեկի ցույցին մասնակցող մարդիկ։ The Bild պարբերականը գրել է, որ ոստիկանությունը դեռ պետք է որոշի՝ արդյոք Mini Cooper-ի վարորդը միտումնավոր է մեքենան վարել բազմության մեջ, թե շփոթել է գազի և արգելակի ոտնակները։ Սակայն ավելի ուշ Բավարիայի վարչապետը հայտարարել է, որ միջադեպը, հնարավոր է, ահաբեկչություն է։

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկելու է փետրվարի 14-ին։ Դրան մասնակցելու համար փետրվարի 13-ին այնտեղ են ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս