![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը դեմ է պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղափոխելու գաղափարին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-kUthKOvb2dlWnO9.jpg)
Չինաստանի իշխանություններն անթույլատրելի են համարում Գազայի հատվածի բնակիչներին այլ շրջաններ տեղափոխելու առաջարկները:
Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Գազան պատկանում է պաղեստինցիներին և պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը վերաբնակեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը փետրվարի 12-ին նույնպես համարել է «անընդունելի արաբական աշխարհի համար, որը հարյուր տարի շարունակ պայքարել է այդ գաղափարի դեմ»։
«Մենք՝ արաբներս, ոչ մի դեպքում չենք պատրաստվում հանձնվել հիմա, քանի որ քաղաքական, ռազմական կամ մշակութային պարտություն չենք կրել», – նրա խոսքը մեջբերում են ԶԼՄ-ները։
Հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:
Հորդանանի Աբդալլահ Երկրորդ թագավորը Վաշինգտոնում Թրամփի հետ կայացած հանդիպման ժամանակ նույնպես ասել է, որ կտրականապես դեմ է հանդես գալիս Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու նրա գաղափարին։