Բաժիններ՝

Հունաստանը նոր նախագահ ունի

Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին, որի թեկնածությունն առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում երկրի գլխավոր օրենսդիր մարմնում կայացած քվեարկության չորրորդ փուլի արդյունքները։

Հունվարի 25-ին և 31-ին, ինչպես նաև փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերում չէր հաջողվել նախագահ ընտրել։

Քվեարկության առաջին և երկրորդ փուլերում Հունաստանի նախագահին ընտրելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի երկու երրորդի համաձայնությունը (200 ձայն՝ 300-տեղանոց խորհրդարանում), իսկ երրորդում՝ երեք հինգերորդի համաձայնությունը (180 ձայն):

Բոլոր երեք փուլերում Տասուլասի օգտին քվեարկել էր 160 խորհրդարանական։ Չորրորդ փուլում նախագահն ընտրվում է 151 ձայնով։

Իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որն առաջադրել է Տասուլասի թեկնածությունը, բարձրագույն օրենսդիր մարմնում ունի 156 պատգամավոր։

Չորրորդ փուլում Տասուլասի օգտին իր ձայնն է տվել 160 պատգամավոր՝ ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ անկախ թեկնածուներ: Ձեռնպահ է մնացել 39 պատգամավոր։ Ընդամենը քվեարկել է 276 պատգամավոր։

Պետության ներկայիս ղեկավար Կատերինա Սակելարոպուլուի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է մարտի 13-ին։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 13-ին:

Հունաստանում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս