ԱԺ «Հայաստան» խմբկացությունը չի՛ մասնակցի ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ նախագծի քվեարկությանը
Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, չի կարող օրենք համարվել, քանի որ ցանկացած օրենք առնվազն մեկ վարքագծի կանոն պետք է սահմանի, մինչդեռ այս օրինագիծը վարքագծի կանոն չի նախատեսում։
«ԵՄ անդամակցությունը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը։ Անդամակցության որևէ այլ մեխանիզմ Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ թեկուզ օրենքի տեսքով որևէ նախագծի մեկնարկ։ Ծայրահեղ դեպքում այս նախագիծը կարող է համարվել ԱԺ հայտարարություն կամ ուղերձ։ Եթե ՀՀ կառավարությունը ՀՀ անդամակցության համար դիմած լիներ ԵՄ-ին, մեկնարկեին բանակցություններ և արդյունքում ստորագրվեր անդամակցության վերաբերյալ միջազգային պայմանագիր, միայն դրանից հետո, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, հարցը պետք է դրվի հանրաքվեի»,-նշեց պատգամավորը։
Օհանյանը հավելեց, որ ո՛չ ՀՀ-ի կողմից կա նման դիմում, ո՛չ էլ ԵՄ-ի կողմից՝ դիրքորոշում.«Իսկ այս գործելակերպը կարող է միայն խաթարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ գործընթացը շեղելով 2017 թվականին ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրից»։
Խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս նախագծի քվեարկությանը։