![](/banners/BeFunky-design.jpg)
Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու. Սուրեն Սուրենյանց
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-RHPppvttuGHXP76.jpg)
Սուրեն Սուրենյանցը գրում է. Ալեն Սիմոնյանի միջանցքային տրամաբանությունը
Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու:
«Հայաստանը Ադրբեջանին արտատարածքային միջանցք չի տրամադրի, բայց պատրաստ է ապահովել Սյունիքի մարզով փակ բեռների անխոչընդոտ անցումը առանց կանգառների»,- ասել է նա:
Փաստորեն, Ալենն ասում է՝ «կողմ ենք միջանցքին՝ դրան դեմ լինելով»:
Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ Փաշինյանի իշխանությունը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է հակադրվում, այլ՝ դրա ռուսական վերահսկողությանը:
Ու այդ ճանապարհին Փաշինյանը «հերոսաբար» զոհաբերել է հնարավոր ամեն ինչ՝ Գորիս- Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը, Արցախը, Տավուշի պաշտպանական դիրքերը, Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը, հիմա էլ պատրաստ է զոհաբերել Հայաստանը:
Էլի կրկնեմ՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում տրված է կոմունիկացիաների ապաշրջափակման մի բանաձև, որը պակաս ռիսկային է Հայաստանի համար. այնտեղ Սյունիքով անցնող ճանապարհը, դասական առումով, միջանցք չէ, կա ինքնիշխանության որոշակի սահմանափակում՝ ռուսական վերահսկողության բաղադրիչով:
Բայց դա պարտավորություն է, որը ստորագրվել է Փաշինյանի կողմից՝ որպես հետևանք պատերազմում պարտության:
Այս հարցում ստատուս-քվոյի որևէ խախտում Հայաստանը դնելու է ավելի անբարենպաստ վիճակում, էլ չեմ ասում, որ մեծացնելու է ադրբեջանական ներխուժման վտանգը»։