![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/Nikol-p.jpg)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձներից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված շնորհավորանքում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում Հայաստանի և Իրանի հարաբերությունների շարունակական զարգացումը՝ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Համոզված եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ և հովանավորությամբ մեր երկրները կխորացնեն փոխգործակցությունը բոլոր ուղղություններով և կնախանշեն համագործակցության ընդլայնմանը միտված ռազմավարական նոր ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես երկու երկրների բարեկամության ամրապնդմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանն ու բնականոն զարգացմանը:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ:Հայաստանի և Իրանի բարեկամությունը խարսխված է փոխվստահության, անկեղծության, հարգանքի և կառուցողական երկխոսության վրա, որոնք ամուր հիմք են հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին կարողանալու ենք մեր երկու երկրների բարեկամական փոխգործակցությունը հասցնել որակական նոր մակարդակի՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»։