Ուկրաինան և ՌԴ-ն գիշերը հարվածել են միմյանց. ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել
Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Փետրվարի 11-ի առավոտյան ժամանակավորապես փակվել են ՌԴ Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները:
Այս մասին հաղորդել է «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչը։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Կազանի, Կիրովի (Պոբեդիլովո), Սարատովի (Գագարին), Ուլյանովսկի (Բարատաևկա) օդանավակայաններում այսօր վաղ առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ժամանման և մեկնման հետ կապված», – ասվում է Telegram-ում տարածված հաղորդագրության մեջ։
Սարատովի նահանգապետը հայտարարել է, որ գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին, պատճառվել է վնաս։
Տեղի բնակիչները հաղորդել են պայթյունների և հրդեհի մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի 5 շրջաններում գիշերը խոցել է ուկրաինական 40 ԱԹՍ, այդ թվում՝ 18-ը՝ Սարատովում։
Բացի այդ, ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի և Վոլգոգրադի մարզերում։ Իսկ ռուսական ուժերը, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, գիշերը և առավոտյան թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին։
«Ուկրէներգո»-ն հայտարարել է էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին։ Հարվածներ են հասցվել Պոլտավայի մարզին. վնասված օբյեկտների մասին չի հաղորդվում։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն հայտարարել է, որ հարվածների թիրախում են եղել գազային ենթակառուցվածքի օբյեկտները, և որ նոր հարվածների վտանգն առավոտվա դրությամբ դեռ պահպանվում է։