Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ ղեկավարությանն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու և Արցախի վերականգնման կոչ է արել

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում: Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

«Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։

Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողումը քաջալերում է ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Արցախ։ Համբարյանը նկատել է․ «Լավ քաղաքականությունը սկսվում է բարոյական մաքրությունից։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի»:

Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագա ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պետք է դադարեցվի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստված մի արասցե սա էլ ավելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»․ – ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպես «Հատուկ մտահոգության երկիր» (CPC)՝ հայ քրիստոնյաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։

Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»:

Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը կարևորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապությունը՝ փաստաթղթավորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հոգևոր կոթողների համակարգված ոչնչացումը։ Նա նաև կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողության ներքո՝ արցախահայության վերադարձի իրավունքը»:

Տեսանյութեր

Լրահոս