Բաժիններ՝

Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում կանցկացվեն գարեջրի օրեր: Այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպումների ընթացքում համաձայնության են ձեռք բերել Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում անցկացնել գարեջրի օրեր:

«Նշեմ, որ սա որևէ կապ չունի «Երևանի գարեջրի օրեր» փառատոնի հետ: Սա առանձին միջոցառում է, որին դեսպանները սիրով համաձայնություն են տվել, խոսել ենք նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, ով նույնպես համաձայնություն է տվել»,- ասաց Գևորգյանը։

Կոմիտեի նախագահը նշեց՝ Ֆրանսիայի և Բելգիայի հետ ևս ունեն համագործակցություն, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել փոխայցելություններ և Հայաստանում գինու ոլորտին միտված խոշորագույն միջոցառումներ:

Զբոսաշրջության կոմիտեն նախատեսում է նաև ակտիվացնել և մեծացնել Վրաստանի և Իրանի հետ համատեղ զբոսաշրջային ծրագրերը: Անդրադառնալով Հայաստանում անցկացվող  ամենամյա փառատոններին՝ կոմիտեի նախագահը նշեց՝ նախորդ տարի անցկացվել է 12 փառատոն, որից երկուսը Երևանում, իսկ մյուսները՝ մարզերում:

«Այս տարի ևս նույն տրամաբանությունը շարունակելու ենք։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և մեր հյուրերին, պետք է ուղղորդենք նաև մարզեր: Իսկ մարզերում զբոսաշրջային ներուժը մեծացնելու նպատակով նախատեսում ենք անխտիր բոլոր մարզերում իրականացնել զբոսաշրջության ծառայությունների լավարկմանը միտված դասընթացներ, որոնք իրենց մեջ կներառեն հյուրասիրության, հյուրընկալության և մարքեթինգային կոմպոնենտը»,- նշեց Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս