Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից
Սիրիայի նոր վարչակազմի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան պատրաստակամություն է հայտնել Սիրիայում ռուսական բազաները պահելու հարցում՝ պայմանով, որ Կրեմլի հետ ցանկացած համաձայնություն բխի Սիրիայի շահերից։ Ակս մասին ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի պաշտպանության նախարարը։
Աբու Կասրան հաստատել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական նոր վարչակազմի նկատմամբ էականորեն բարելավվել է 2024 թ. դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո՝ նշելով, որ «Դամասկոսն ուսումնասիրում է Մոսկվայի պահանջները»։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանին թույլ կտան պահել Տարտուսում գտնվող ռազմածովային բազան և ծովափնյա Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող Հմեյմիմ ավիաբազան, նախարարը պատասխանել է. «Այո, եթե Սիրիան օգուտներ ստանա դրանք պահելուց»։ Նա հավելել է, որ քաղաքականության մեջ մշտական թշնամիներ չկան։
Աբու Կասրան հայտնել է, որ Սիրիան ուսումնասիրում է մի քանի երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի կնքումը՝ պարզաբանելով, որ Դամասկոսը զգայուն բանակցությունների մեջ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ՝ կապված Սիրիայում նրանց ռազմակայանների կարգավիճակի հետ:
Նա նաև մատնանշել է, որ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագրերը կարող են ներառել երկրում թուրքական ուժերի կրճատում կամ վերաբաշխում։Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմաբազաներին, այդ հարցը դեռևս բանակցությունների փուլում է։
«Բոլորը սպասում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուն, և որոշակի ժամանակ է պահանջվում ԱՄՆ վարչակազմի և Սիրիայի նոր կառավարության միջև խնդրի կարգավորման համար», – ասել է Սիրիայի պաշտպանության նախարարը: