Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հանդիպմանը նախապատրաստվելու տեղեկությունները
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դեռ չեն սկսել քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հարցը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա կոչ է արել «չշտապել» այս թեման քննարկելիս։
«Նրանք (Պուտինն ու Թրամփը) նախնական շփումներ չեն ունեցել՝ քննարկելու, թե արդյոք պետք է հանդիպել, թե ոչ, և անհրաժեշտության դեպքում՝ երբ և ինչպես», – CNN-ին ասել է Կրեմլի խոսնակը: Նա խոստացել է մեկնաբանել այս հարցը «հենց որ կոնկրետ բան լինի»։
Փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների և շփումների մասին։ Նրա խոսքով՝ նախատեսված հանդիպումների քննարկումն ընթանում է «բավականին հաջող»։ Փետրվարի 5-ին Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ իրականացվում են առանձին գերատեսչությունների միջոցով և վերջին շրջանում ակտիվացել են։